Մայրանալու իրավունքը տրվել է արարելու, ոչ թե սպանելու համար...

Այլևս սպասել չեմ ուզում: Վերջապես պետք է իմանամ սեռը: Սոնոգրաֆիայիի կաբինետի մոտ հղիների ձգվող հերթը ստիպում է սպասել ամբողջ երկու ժամ: Հղիների զրույցի հիմնական թեման երեխայի սեռն է: «Առավոտից այստեղ ենք: Մի անգամ բժշկուհին նայեց, ասաց, որ մի ժամից գամ, գուցե տեղաշարժված լինի, ու սեռը երևա: Մի տղա ունեմ: Ամուսինս ուզում է, որ երկրորդն էլ տղա ծնվի: Բայց ես աղջիկ եմ ուզում»,- պատմում էր նրանցից մեկը: «Չէ, մա՛մ, թող տղա ծնվի, որ իրար հետ խաղանք»,- միջամտեց վերջինիս 8-10 տարեկան որդին:

«Ես արդեն գիտեմ, իմը տղա է: Առաջինս աղջիկ էր: Նախապես չէինք ստուգել: Հետո երեք անգամ աբորտ եմ արել, որովհետև աղջիկ էր ծնվելու: Բայց էս մեկը տղա է, հաստատ են ասել»,- որովայնը գրկելով՝ հպարտացավ մյուս կինը:

«Մամ, էսօր կասեն, չէ", տղա ենք ունենալու, թե աղջիկ»,- թևիցս քաշելով շշնջաց աղջիկս: «Հա՝, բալես, երևի կասեն»,- պատասխանեցի, իսկ սիրտս այնքան արագ էր զարկում.

Վերջապես մեր հերթն էլ հասավ: «Ամեն ինչ նորմալ է, պտուղը նորմալ է զարգանում... »,- ասում է բժշկուհին: Իսկ ես սպասում եմ: «Բժշկուհի ջան, սեռը կարող եք ասել...»:

-Իսկ դու ի՞նչ ես ուզում ունենալ,- աղջնակիս է դիմում բժշկուհին:

-Ապերիկ:

-Չէ, բալես, ապերիկ չէ, քուրիկ է:

-Բայց ես ապերիկ եմ ուզում: Քուրիկը ես եմ:

Կաբինետից մայր ու աղջիկ դուրս եկանք սիրտներս կախ: Գլխումս մի հարց էր պտտվում. ինչ անել, գուցե պետք է ընդհատել հղիությունը...

Տուն եկա: Պետք էր մի բան մտածել: Հոր Սանուհիս, ում հետ մոր պես մտերիմ էի, անմիջապես եկավ: «Հը, ի՞նչ կա»:«Աղջիկէ.»:

«Բա ի՞նչ ես քիթդ կախել: Կարևորը աոողջ բալիկ լինի: Գիտե՞ս քանի քանիսը կան, որ տղաներ ունեն, բայց օր ծերության իրենց պահողը էլի աղջիկներն են: Հանկարծ չմտածես ընդհատելու մասին,-ասես մտքերս կարդալով՝ վրա-վրա խոսում էր հոր Սանուհիս,- ջահել ժամանակ ես էլ քո նման էի մտածում: Որդուցս ու աղջկանիցս հետո հղիացել էի: Շատ էի ուզում երրորդն ունենալ, իսկ ամուսինս դեմ էր. հանրակացարանում էինք ապրում, պայմաններ չունեինք: Չկարողացա ընդդիմանպ նրան: Ստիպողաբար գնացի աբորտի: Շատ ծանր տարա: Հիշում եմ՝ վերջում բժիշկն ասաց. «Ուզո՞ւմ եք իմանպ՝ ինչ սեռի էր»: Ասացի՝ «Չէ, բժի՜շկ ջան, պետք չի, մի՝ ասեք»: Ասաց. «Տղա էր, առողջ, հասուն... »: Սա վերջին բանն է, որ հիշում եմ: Ուշքի եկա մի քանի ժամ անց հիվանդասենյակում: Լալիս էի, մեղադրում ինքս ինձ ու ամուսնուս..․ Գիշերը երազումս այդ երեխան եկավ՝ կապույտ աչքերով, սպիտակ մաշկով..․ Դա իմ առաջին հանցագործությունն էր: Չկարողացա ինձ ներել ամբողջ կյանքում: Գրկում, համբուրում էի երեխաներիս ու զզվում ինքս ինձնից. ես ի՞նչ մայր եմ, ինչո՞վ էր սրանցից պակաս նա, այն մեկը.․. »: Լսում էի ու հասկանում, որ ես չեմ կարող ապրել մեղքի գիտակցումով, որ չեմ կարող սպանել, որ ունենալու եմ՝ անկախ սեռից: Ու ծնվելու է փոքրիկս, որովհետև մայրանալու իրավունքը տրվել է արարելու, ոչ թե սպանելու համար ...