Տղամարդու տեսակետ․ «Հնազանդ եմ», «Տեր եմ»

Այս բառերն են արտասանում բոլոր հայ զույգերը, որոնց ամուսնությունը կնքվում է եկեղեցում: Աղջիկն ասում է՝ «հնազանդ եմ», տղան՝ «տեր եմ»: Նույն բառերը զույգերն արտասանում են մտքում, երբ նրանց ամուսնությունը կնքվում է պետության կողմից: Որովհետև դա է պահանջում ավանդապաշտ մեր հասարակությունը: Մենք այնքան ենք կարևորում ավանդապաշտությունն ու ծանոթների և հարևանների կարծիքը, որ հնազանդության իմիտացիան պահպանվում է նույնիսկ այն ընտանիքներում, որտեղ այդ երևույթը չկա:

Աղջիկներ կան, որոնց այդպիսի դրվածքը դուր է գալիս: Նրանք կամ իրոք հնազանդ են լինում, կամ էլ ձևանում են, թե հնազանդ են՝ իրենց ամուսիններից պահանջելով «տեր լինել»: Այսինքն, ըստ նրանց, դառնալ հայթայթող և վաստակող՝ կատարելով այն դերը, որն ուներ տղամարդը «նախնադարյան» հասարակությունում: Այդ աղջիկները չեն գնում հոսանքին հակառակ, այլ ընդունում են հասարակության կողմից պարտադրված խաղի կանոնները:

Այսօր, սակայն, հայտնվել են այնպիսի հայ աղջիկներ, որոնք չեն ցանկանում նույնիսկ ձևականորեն լինել հնազանդ: Առավել ևս, որ վերջին 20 տարիներին կյանքն այնպես է փոխվել, որ տղամարդկանցից շատերը զրկվել են հայթայթող, վաստակող լինելու հնարավորությունից, և այդ դերը, մեծամասամբ, փոխանցվել է կանանց:

Այդ հանգամանքը շփոթեցրել է հայ տղամարդկանց: Այն աստիճանի, որ գրանցվել են նույնիսկ ինքնասպանության դեպքեր:

ԽՍՀՄ փլուզումից հետո կանայք նույնպես շփոթված էին, բայց բնությունն օժտել է նրանց ավելի կայուն հատկանիշներով: Զէ՞ որ նրանք են, որ պետք է ապահովեն սերունդների շարունակելիությունը: Եվ կանայք սովորեցին իրականացնել այն գործառույթը, որը դարերով վերապահված էր տղամարդկանց:

Վերջիններիս մեր իշխանությունները թողել են գերազանցապես շինարարի, տաքսիի վարորդի և պետի դերերը: Ուր գնում ես, բացի նշված ոլորտներից ու բանակից, ամենուրեք կանայք, հիմնականում ջահել աղջիկներ են աշխատում, որոնց պետերը տղամարդիկ են: Եվ այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ կանանց թվաքանակը Հայաստանում շատ ավելին է, քան տղամարդկանցը, փոխել է ոչ միայն սեռերի մտածելակերպն ու դերը, այլև, նույնիսկ, արտաքինը:

Այսօրվա հայ տղամարդկանցից շատերը դադարել են հետևել իրենց: Նրանց ոչ իրենց արտաքինն է հետաքրքրում, ոչ էլ ֆիզիկական վիճակը՝ շատ քչերն են սպորտով զբաղվում, կամ, գոնե, մարզանք անում: Նյութապես ապահովվածների շրջանում առաջացել է նունիսկ տղամարդու նոր տեսակ՝ բութ հայացքով, հաստավիզ, տձև մարմնով:

Աղջիկները, ընդհակարակը, ոչ միայն աչքի են ընկնում ուսումնատենչությամբ, այլև սկսել են մեծ ուշադրություն դարձնել իրենց արտաքինին: Ի տարբերություն տղամարդկանց մեծամասնությանը՝ մեր աղջիկները խստորեն հետևում են իրենց արտաքինին. սպորտով են զբաղվում, պարում են, դիետա են պահում, հետևում են նորաձևությանը, հաճախում են գեղեցկության սրահներ:

Դարեր շարունակ հայերն ապրել են մահմեդականների լծի տակ, ենթարկվել են նրանց օրենքներին, ընդօրինակել նրանց բարքերը: Դա, ինչպես նաև նահապետական մտածելակերպը, դեռ ուժեղ ազդեցություն ունեն: Այդ պատճառով է, որ տղամարդկանց մեծամասնությունը, գոնե հոգու խորքում, կանանց չի համարում իրեն հավասար: Աղջիկներին նրանք վերաբերվում են սիրով ու քնքշանքով, բայց այնպես, ինչպես որ կվերաբերվեին շատ սիրելի ընտանի կենդանիներին: Իսկ որոշներն էլ այնքան անհավասար վերաբերմունք ունեն իրենց որդիների և դուստրերի հանդեպ, որ վերջինների զավակներին համարում են երկրորդ կարգի թոռներ, առաջնահերթությունը տալով որդիներին ու նրանց զավակներին: Եվ դա լինում է նույնիսկ այն դեպքում, երբ դուստրերը շատ ավելի խելացի, սիրող ու նվիրված են լինում իրենց հայրերին, քան որդիները: Ավելին՝ լինում է նույնիսկ այն ժամանակ, երբ որդիները միայն տհաճություններ ու դժվարություններ են բերում: Եվ հիմա բանը հասել է նրան, որ որոշ տղամարդիկ, օգտվելով իրենց կանանց հնազանդությունից, սկսել են պարտադրել նրանց կատարել արհեստական վիժեցումներ, երբ տեղեկանում են, որ ապագա երեխան աղջիկ է լինելու: Այսինքն՝ դրժում են իրենց՝ «տեր լինելու» խոստումը և նպաստում նրան, որ հետագայում հայերի մեջ առաջանա ազգային նոր ավանդույթ՝ մահմեդական ղալիմը՝ հարսնացուի համար գլխագին վճարելը: